Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականը և այլատյացությունն Ադրբեջանում
3 ր. | 2020-02-28Փետրվարի 27-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականը և այլատյացությունն այսօրվա Ադրբեջանում» թեմայով մասնագիտական քննարկում՝ նվիրված 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցին:
Քննարկման բանախոսներն էին «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Քննարկման մասնակիցները ներկայացրին Սումգայիթի ջարդերի մասին պատմական և փաստական տվյալներ, անդրադարձան Ադրբեջանում հայատյացության քաղաքականությանն ու ջարդերի իրավական գնահատականի հնարավորություններին:
Մասնավորապես՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենք հանդիպել են Ադրբեջանի երկաթյա խողովակների պատրաստման գործարանում աշխատող երկու սումգայիթցիների, որոնք պատմել են, որ փետրվարի 20-ից հետո պատրաստում էին երկաթյա ձողեր, կացիններ և հատուկ մեծ մուրճեր, որոնք հետո օգտագործվել են ցեղասպանական գործողությունների ժամանակ:
Լ. Ալավերդյանը հավելեց, որ փետրվարի 26-ին Սումգայիթի քաղկոմի երկրորդ քարտուղարի մասնակցությամբ հանրահավքի ժամանակ հնչել են «մա՛հ հայերին», «հայ ես, ուրեմն պետք է մահանաս» կոչերը և սկսվել են ցեղասպանական գործողությունները:
«Այդ բոլոր գործողությունները պետք է որակավորվեն որպես ցեղասպանական գործողություններ, ցեղասպանական միտումով և պատրաստված բոլոր դրսևորումներով»,- նշեց տիկին Ալավերդյանը:
«Օրբելի» կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 1905թ.-ին հայերին սպանելու համար գործիքները պատրաստվում էին ադրբեջանցի նավթային մագնատ Հաջի Թաղիևի գործարաններում: «Այսինքն, սա ամենևին հանպատրաստից մշակված և պատրաստված գործողություն չի եղել: Այն ունի տարիների պատմություն: Նույնը կարող ենք ասել կովկասյան թաթարների ու թուրքական զորքերի՝ 1918թ. Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի վերաբերյալ»:
Մ. Գրիգորյանն ընդգծեց, որ Սումգայիթում հայերից շատ քչերն են սպանվել իրենց տներում: «Հիմնականում նրանց միտումնավոր հանում էին բակ կամ փողոց և ցուցադրաբար նսեմացնում. կանանց մերկացնում էին… այդ սպանությունները կատարվել են ցուցադրաբար, որպեսզի վախեցնեն հայերին՝ հենց ցեղասպանության կրկնվելու սպառնալիքով»:
Մ. Գրիգորյանը նշեց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով հետաքննություն են իրականացրել Սումգայիթի հարցով և հանգել եզրակացության, որ Սումգայիթի ցեղասպանական գործողությունները կազմակերպել է այն ժամանակվա Ադրբեջանի պետական անվտանգության կոմիտեն՝ ԽԽՍՀՄ ՊԱԿ- ի լուռ աջակցությամբ: Նա հիշեցրեց, որ դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ ապացույցներ և փաստական նյութեր կարելի է գտնել http://karabakhrecords.info/ կայքում:
Մ. Գրիգորյանի խոսքերով՝ հայատյացությունը, որպես երևույթ և պետական քաղաքականություն, սկսվում է Սումգայիթից: Կան բազմաթիվ օրինակներ և ապացույցներ, որ Սումգայիթի վայրագություններին մասնակցել կամ որպես հանդիսատես դիտել են բազմաթիվ երեխաներ: Նույնիսկ կարելի է վստահորեն ասել, որ այդ ջարդերի շարժիչ ուժը եղել են երիտասարդները և պատանինները: «Այսինքն, Ադրբեջանը դեռ Սումգայիթում պատրաստում էր այն հայատյացության քաղաքականությունը և սերմանում էր հենց երիտասարդների շրջանում»,- նշեց նա:
Փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով հայերի ջարդերից տուժածների ու զոհերի գույքային և բարոյական վնասի հնարավոր փոխհատուցման հնարավորությանը, նշեց, որ այսօր տեսականորեն կա մի հնարավորություն. փորձել պատասխանատվության կանչել ներկայիս Ադրբեջանին՝ այն հիմքով, որ չի իրականացվում 30 տարի առաջվա հանցագործների հետապնդումներ, եթե հիմնավորվի, որ դրանց վաղեմության ժամկետը չի սպառվել: Մյուս կողմից, Սումգայիթի դեպքերի վերաբերյալ այս նույն փաստարկները կարելի է օգտագործել որպես անուղղակի ապացույցներ ավելի լայն կոնտեքստով, եթե պետությունը պետության դեմ դիմի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Ա. Ղազարյանի կարծիքով, վաղ թե ուշ Ադրբեջանն ու Հայաստանն այնտեղ հանդիպելու են և երկու կողմի կենտրոնական փաստարկներից մեկը լինելու է ռասիզմը:
Քննարկման վերջում փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ այս բոլոր ջարդերը պետք է օգտագործել որպես փաստական բազա՝ այսօր միջազգային իրավունքում հիմքեր գցող նոր տեսության՝ «անջատում հանուն փրկության» (remedial secession) տեսության հիմնավորման շրջանակներում: